Այս
էջը Անգլերենով
Թէև
պաշտոնապես
ազգանունս
Դավիդյան է,
սակայն դա
շինծու
ազգանուն է, որպիսիք
հաճախ են հանդիպում
հատկապես Մեծ
Եղեռնից
մազապուրծ
եղածների
հետնորդների
մոտ։
Հայրական
գծով իմ հոր
մեծ հայրը,
այլ կերպ
ասած՝ պապիս
հայրը կամ մեծ
պապս, ապրել է Արևմտյան
Հայաստանի
Աղձնիք
նահանգի Տիգրանակերտ
քաղաքում
(սա
համապատասխանում
է Սղերթին,
ներկայիս Siirt
քաղաքը,
սակայն
հնարավոր է,
որ շփոթած
լինեն Դիարբեքիրի
հետ)։ Նա եղել
է բազմաթիվ
եղբայրների
ավագը 1)։ Տեղական
բարբառով, նրան
կոչել են
Դավիթ բեկ
Բահուդե (արևմտահայերեն
ուղղագրությամբ՝
Պահուտէ)։ Տեղացի
քրդերի արտասանությամբ՝
Դաուդ բեկ
Բահհութ («հ»-ն
արաբերենի
կոպիտ «հ»-ի
շեշտադրմամբ)։
Նա եղել է
այսօրվա
հասկացողությամբ
ավատական
(ֆեոդալ)
կալվածատեր և
ըստ Եղեռնը
վերապրած համաքաղաքացիների
պատմածների՝
նրան են
պատկանել ութ
գյուղերի
կալվածներ
չնայած ինքն
ընտանիքով
ապրել է քաղաքում
2)։
Չարահիշատակ
արյունարբու
սուլթան
Աբդուլ Համիդի
օրոք,
հավանաբար
1890-ականների
վերջերին, իր
գյուղերի
բնակիչներից
կազմած շուրջ
երկու
հարյուր հոգանոց
զինյալ
ձիավորների
ջոկատի
գլուխն անցած 3), Դավիթն
ապաստան է
գտնում լեռներում
և պայքարում ավազակների
և Օսմանյան
հարկահավաքների
կեղեքումների
դեմ։ Ինչպես
հայտնի է,
վերջիններս
նույն հարկը
տարին մի քանի
անգամ էին
վերցնում և
հաճախ հարկ հավաքելու
քողի տակ
իրագործում
էին իսկական
կողոպուտ, անգամ
սպանություններ։
Ըստ
պատմողների,
որոշ ժամանակ կարողանում
է զսպել
թուրքերի
անիրավություննրը
և վայելում
մեծ հարգանք
ինչպես
տեղացի
հայերի այնպես
էլ քուրդերի
կողմից։ Այդ
մասին է խոսում
այն
հանգամանքը,
որ իշխանությունները
երկար ժամանակ
չեն
կարողանում
իմանալ թէ ով
է այդ ջոկատի
պարագլուխը և
Դավիթ բեկի
ընտանիքը
շարունակում
է ապրել
քաղաքում։ Նման
գաղտնիքը
բնականաբար
երկար չէր
կարող թաքուն
մնալ և երբ
իմացվում է թէ
Դավիթն է
զինյալների
ղեկավարը
թուրքերը որոշում
են պատանդ
վերցնել մեծ
հորս, Դավիթ
բեկի միակ
որդուն՝ հինգ
տարեկան Թովմասին։
Սակայն
լինելով
հայտնի և
ազդեցիկ մարդ
և ունենալով
կապեր պետական
շրջանակներում
և հենց
Օսմանյան
բանակում, այդ
մասին
Դավիթին նախորոք
իմաց է տալիս
մի թուրք
գնդապետ (colonel)։
Որոշում են
Թովմասին
հեռացնել
քաղաքից և
հապճեպորեն
ուղտերի մի
քարավանատիրոջ
են հանձնում,
որ տանի
Երուսաղեմ
պատրիարքի
մոտ։ Չնայած,
ըստ պատմողների,
ընտանեկան
կապեր են
լինում այդ
ժամանակվա թէ
Երուսաղեմի և
թէ Պոլսոյ
պատրիարքների
հետ, սակայն
ավելի հարմար
են գտնում
Երուսաղեմը
որպես
ծայրամաս,
չնայած վերջինս
էլ էր
Օսմանյան
կայսրության
սահմաններում։
Դավիթը
հետագայում մարտի
ժամանակ զոհվում
է։ Իսկ կնոջ
մասին պատմել
են, որ մի ձմեռ
անհայտանում
է և միայն
գարնան
ձնհալին են նրան
գտնում, սարերում
սնունդով ու
զինամթերքով
բարձած
ջորիների հետ
միասին ձյան
տակ սառած
վիճակում։
Պարզվում է,
որ կինը
ամուսնու ջոկատին
գաղտնաբար
մատակարարելիս
է եղել անձամբ
և ընկել
սողանքի տակ։
Երուսաղեմում
պատրիարք
հայրը Թովմասին
հանձնում է վանականներից
մեկի
խնամակալությանը
և խորհուրդ
տալիս, որ
ազգանունը
հարցնելու դեպքում
Բահուտե
ասելու փոխարեն
իր հոր անվամբ
ասի Դավիթյան
որովհետև Բահուտեն
հայտնի և
հազվադեպ
ազգանուն է և
հնարավոր էր, որ
նույնիսկ
Երուսաղեմում
ձերբակալվեր
ու վերադարձվեր
Տիգրանակերտ։
Հետագայում,
երբ Պաղեստին
են մուտք
գործում
Անգլիացիք և
սկսում անձնագրեր
բաժանել,
Թովմասը
գրանցվում է
որպես
Դավիդյան և
մեր
ազգանունը
այդպես
շարունակվում
է մինչ օրս։
Երիտասարդ
հասակում,
Թովմասը
գաղթականներից
իմանում է, որ
իր
հորեղբայրներից
մի քանիսը 4) հալածանքներից
փախչելով՝
Եղեռնից առաջ գաղթել
և հաստատվել
են
Ալեքսանդրիայում
(Եգիպտոս) և
ըստ հասած
տեղեկությունների
կարողացել են
իրենց հետ
տանել
ընտանեկան
հարստությունների
զգալի մասը
(հավանաբար
չեն
կարողացել անշարժ
գույքը ծախել
կամ ծախել են
չնչին գնով) և
Ալեքսանդրիայում
արդեն երկու
հյուրանոցների
տեր են։
Թովմասն
իսկոյն գնում
է Ալեքսանդիա
հարազատներին
գտնելու։
Վերջիններս
սակայն հրաժարվում
են ընտանեկան
հարստությունից
բաժին հանել
նրան։
Հավանական է,
որ երկար տարիներ
նրանից
տեղեկություն
չունենալով
կարծած լինեն,
որ մահացած է
և նրան
չհավատալով
խաբեբայի տեղ
ընդունած
լինեն 5)։ Սա ենթադրություն
է։ Ամենայն
դեպս, այդ
տարիների
համար, երբ
ընտանեկան
հարստության
գերակշիռ
մասը ըստ
ընդունված
ավանդույթների
հասնում էր
ավագ որդուն և
հետևաբար նրա
որդի Թովմասին,
նման
վերաբերմունքը
խիստ
վիրավորական
է ընկալվում և
Թովմասը
խզում է բոլոր
կապերը իր հորեղբայրների
ընտանիքների
հետ։
Հիմք
ունեմ
ենթադրելու,
որ
Բահուտյանների
մեծ մասը
հավանաբար
փրկվել են
Եղեռնից,
ստիպված
լինելով
դրանից շատ
ավելի շուտ
արտագաղթել։
Իրենց մեծ
եղբոր
ֆեդայական
գործունեության
պատճառով (մի
գուցէ
եղբայրնեից
էլ էին ընդգրկված
այդ գործի
մէջ)
հավանաբար
ենթարկվել են
հալծանքի և Տիգրանակերտում
իրենց կյանքն
անտանելի
դառնալով
ստիպված են
եղել
հեռանալ։
Տարիների
ընթացքում
միշտ որոնել
եմ Բահուտյանների
և վերջապես
1990-ակաների
վերջերին
պատահմամբ
Երևանում գտա
մի Բահուտյան
ընտանիք։ Ավաղ,
որ ավագ
սերունդից
կենդանի ոչ ոք
չկար։
Հետաքրքրական
է, որ նրանք էլ
էին Տիգրանակերտից
(Սղերթի
գյուղերից) և
գաղթել էին
Ալեքսանդրիա
ապա
ներգաղթել հայրենիք։
Դուստրը
հիշում էր, որ
մի օր
Ալեքսանդրիայում
մօր հետ ման
գալու
ժամանակ
մայրը նրան
ցույց է տվել
հարուստների
առանձնատներ
և ասել, որ
նրանք էլ են
Բահուտյան և
ազգակից
իրենց
ընտանիքին։ Դժբախտաբար
տեղեկությունների
սակավության
և անհստակության
պատճառով հնարավոր
չէր գտնել
ընտանեկան
ճյուղը և ճշտել
ազգակցական
կապի տեսակը։
Ամենայն դեպս
ազգակիցներ
ենք
անտարակոյս։
Հավանաբար
նրա նկարագրած
այդ
«մեծահարուստ»
Բահուտյաններն
են պապիս
հօրեղբայրները
կամ նրանց
հետնորդները։
Տողերս
ընթերցողին
թախանձագին
խնդրում եմ, որևէ
Բահուտյան
(կամ
նմանահունջ
ազգանվամբ մարդ)
ճանաչելու
դեպքում ինձ
իմաց տալ aasa@artsakh.am կամ aasa@freenet.am
հասցեով։ Ինձ
չի հետաքրքրում
ոչ
ժառանգություն
և ոչ հարյուր
տարվա
վաղեմության
ինչ-որ
ընտանեկան
վեճ։ Պարզապես
ցանկանում եմ
գտնել
հարազատներիս
և
վերականգնել
ընտանեկան
կապերը, որ
միասին
արտասվելով
լվացենք մեր ընտանիքի
ու մեր ազգի անցած
ողբերգությունը։
Արշակ
Զավենի
Դավիդյան
(Բահուտյան)
–––––––––––––––––––––
1)
Ինձ հայտնի չէ
թէ քանի
եղբայր են
եղել, միայն գիտեմ
որ եղել են
շատ,
հավանաբար առ
նվազն հինգ-վեց։
2)
Կամ
կալվածներ է
ունեցել ութ
գյուղերում։ Այս
տեղեկությունը
և մնացած
բոլոր
մանրամասները
հետագային
Եղեռնի ժամանակ
բռնագաղթված
Տիգրանակերտցիներն
են պատմել
Թովմաս պապիս։
Բնականաբար
ինքը այդ
ամենը չէր
կարող իմանալ
փոքր հասակի
պատճառով։
3)
Հավանաբար
այս թիվը
չափազանցված
է, ամենայն դեպս
պատմել են, որ
ունեցել է
երկու հարյուր
զինյալ։
4)
Չեմ իմանում
հորեղբայրներից
քանիսն են Ալեքսանդրիա
տեղափոխվել,
բայց կարծում
եմ որ առ նվազն
երկուսն են
եղել։
4)
Փոխված
ազգանունը ևս
կարող էր
կասկած հարուցել։
Այս
էջը Անգլերենով